Երևան քաղաքում և մերձակա բնակավայրերում հաստատված Արցախի ճեմարանի 5-ից 12-րդ դասարաններում սովորող 142 սան նոյեմբեր ամսից, անվճար հիմունքներով, ներառվեցին ճեմարանի համակազմում՝ հավասարապես օգտվելով առաջարկվող կրթական և օժանդակ բոլոր ծառայություններից, այդ թվում՝ երկկողմանի տեղափոխում, երեքանգամյա սնունդ, հոգեբանական-բժշկական և այլն:
Արցախից բռնի տեղահանված սովորողների անվճար տեղավորումը Շիրակացու ճեմարանում առաջացրել էր լրացուցիչ լայնածավալ ֆինանսական ծախս, ինչը Ճեմարանը փակել էր սեփական միջոցներով՝ հաջորդ ուսումնական տարվա համար նախատեսված ներդրումներից պակասեցումների հաշվին։ Նման մոտեցումը հաջորդ ուսումնական տարիների համար հնարավոր չէր կարող լինել՝ հաշվի առնելով զարգացման նպատակով միջազգային գործընկերների առաջ Ճեմարանի ստանձնած պարտավորությունները։
Ֆինանսական այլընտրանքային աղբյուրների ներգրավման նպատակով 2023թ. դեկտեմբերին հիմնադրվեց «Արցախի Շիրակացու ճեմարան» բարեգործական հիմնադրամը:
Արդեն 2024-2025թթ. ուսումնական տարում Արցախից բռնի տեղահանված սովորողների ընտանիքներին առաջարկվեց ուսումնառության հատուկ վարձավճար 700,000 ՀՀ դրամի չափով, որը պահպանվելու է երեխաների ուսումնառության ողջ ընթացքում։ Սույն վարձավճարը էականորեն ցածր է Ճեմարանի սովորական գնացուցակով հաստատված վարձավճարներից ու ներառում է ուսումնառության կազմակերպման բացառապես ինքնարժեքային ծախսումները։
Չնայած սահմանված արտոնյալ վարձավճարին՝ գումարի չափը անհասանելի է ընտանիքների մեծամասնության համար։ Այս իրողությունից ելնելով՝ «Արցախի Շիրակացու ճեմարան» բարեգործական հիմնադրամը նախաձեռնում և իրականացնում է տարաբնույթ բարեգործական ծրագրեր և միջոցառումներ՝ նպատակ ունենալով հնարավորինս աջակցել ընտանիքներին և խրախուսական կրթաթոշակների միջոցով ապահովել երեխաների շարունակական ու որակյալ կրթությունը ճեմարանական համայնքում։
Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր ուսումնական տարվա ընթացքում անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթման կարիքը մշտապես առկա է, քանի որ կրթաթոշակային ծրագրերի շարունակականության ապահովումը պահանջում է հետևողական և երկարաժամկետ ֆինանսական ներգրավում։
Ուստի, հիմնադրամը հավասարապես բաց է ինչպես անհատ բարերարների, այնպես էլ գործընկեր կազմակերպությունների հետ երկարաժամկետ համագործակցության համար:
Ընթացիկ 2025-2026 ուստարում «Արցախի «Շիրակացու ճեմարանի» 7-ից 12-րդ դասարանների 89 սան շարունակում են իրենց ուսումնառությունը Ճեմարանում: Վերջիններիս համար առաջարկվել է կրթաթոշակների բաշխման հետևյալ սանդղակը:
«Արցախի Շիրակացու ճեմարան» բարեգործական հիմնադրամ
ԱՄԻՕ ԲԱՆԿ
Հաշվեհամար՝ 1150 0155 2682 6827 (ՀՀ դրամ)
Հեռ. +374 97 70 09 08
Info.artsakh@shirakatsy.am