Կոչ-ուղերձ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի բոլոր սաներին, շրջանավարտներին, ուսուցիչներին, աշխատակիցներին և ծնողներին
-webp(75)-o(jpg).webp?token=ff6c9345d931eab6708c7161de09b001)
Սիրելի՛ Ճեմարանական համայնք
Սիրով շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության տոնի առթիվ։ Այսօր մեկնարկում է 2025-2026 ուսումնական տարին, որը մեզ համար առանձնահատուկ է․ Շիրակացու ճեմարանը նշում է իր 40-ամյակը։ Սա հիանալի առիթ է միասին արժևորելու անցած ուղին, միավորվելու՝ նոր բարձունքներ նվաճելու համար և հիշեցնելու մեզ բոլորիս, որ ապագա հաղթանակները կախված են հենց մեր գործողություններից։
Ճեմարանական լինելու պատասխանատվությունը մեծ է․ մեր սաները ոչ միայն սովորում են, այլև սովորելով կերտում են ապագա, ձևավորում են այն ուժեղ ու կրթված քաղաքացուն, ով իր երկրի ապագայի գլխավոր երաշխավորն է։
Այս տարվա խորհրդանշական իրադարձություններից էր օգոստոսի 1-ին մեր երեք ճեմարանական ընտանիքների Մասիս բարձրանալը։ Մասիսը մեզ համար պարզապես լեռան գագաթ չէ․ այն մեր ազգի հավերժ ձգտումների, անպարտելի ուժի և հաղթական ոգու խորհրդանիշն է։ Ճեմարանի դրոշի բարձրացումը Մասիսի գագաթին վկայեց, որ մեր սաներն ու շրջանավարտները քայլում են նույն ճանապարհով՝ իրենց գիտելիքով, աշխատանքով և նվիրումով բարձրացնելով ոչ միայն Ճեմարանի, այլև ողջ Հայրենիքի անունը։
Այս հոբելյանական ուսումնական տարին մեր բոլորիս համար պիտի դառնա նոր միավորումի ու ուժերի համախմբման տարի։ Մենք պիտի հիշենք, որ յուրաքանչյուր սանի սովորած գիտելիքը, յուրաքանչյուր ուսուցչի տված դասը, յուրաքանչյուր ծնողի աջակցությունը նպաստում է մեր երկրի հզորությանը։
Եկե՛ք միասին այս տարում կրկին ապացուցենք, որ կրթված, գաղափարական և հայրենասեր սերունդը մեր անպարտելիության գլխավոր երաշխիքն է։
Եկե՛ք միմյանց ոգեշնչենք, որպեսզի կերտենք այն Հայաստանը, որն արժանի է իր հերոսներին և երազանքներին։
Կեցցե՛ մեր Հայրենիքը։
Կեցցե՛ մեր միասնական ու անպարտ ճեմարանական համայնքը։
Կեցցե՛ մեր վաղվա հաղթանակը:
Ձեր՝
Աշոտ Ալիխանյան