Ի հավելումն ակադեմիական բազմաբովանդակ ծրագրի՝ Ճեմարանը սաներին, ծնողներին, ողջ համայնքին առաջարկում է տարատեսակ ռեսուրսներ՝ ապահովելու բարեկեցիկ և հագեցած կրթական միջավայր՝ աճի և զարգացման նորարար մոտեցումներով:
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթահամալիրի հոգեբանական կենտրոնի գլխավոր նպատակն է աջակցել սովորողների լիարժեք հոգեկան զարգացումն ապահովող կրթական միջավայր ստեղծելուն: Այն հանգուցային դերակատարում ունի ճեմարանի «Շնորհալի երեխաների բացահայտման, նրանց կրթության կազմակերպման և օժտվածության խնդիրների հետազոտման» հեղինակային ծրագրի իրականացման գործում:
Ճեմարանի հոգեբանական կենտրոնը բաղկացած է երեք հոգեբանական ծառայություններից և հոգեբանական հետազոտությունների լաբորատորիայից: Հոգեբանական կենտրոնը կրթահամալիրի մանկակրթարանից մինչև ավագ դպրոց գործունեություն է ծավալում հետևյալ ուղղություններով՝ հոգեախտորոշիչ, խորհրդատվական, զարգացնող, կանխարգելիչ և լուսավորչական:
Լոգոպեդական ծառայությունը ճեմարանում հիմնադրվել է 1999թ. հոգեբանական ծառայության ներքո:
Ծառայությունն իրականացնում է հետևյալ աշխատանքները․
- Աշակերտների խոսքի հետազոտում:
- Աշխատանք բանավոր կամ գրավոր խոսքի դժվարություններ ունեցող աշակերտների հետ:
- Համագործակցում մանկավարժների, հոգեբանների և սաների ծնողների հետ:
- Սեմինարներ և թրեյնինգներ լոգոպեդների համար:
- Մեկամսյա անհատական գործնական դասընթացներ լոգոպեդների համար:
- Գիտամեթոդական և ուսումնաօժանդակ նյութերի մշակում:
Բուհական ուղղորդման և մասնագիտական կողմնորոշման ծառայության նպատակն է՝ ապահովել սովորողների գիտակցված մասնագիտական ընտրությունը՝ հիմնված նրանց կարողությունների, հետաքրքրությունների և նպատակների վրա, զարգացնել ինքնաճանաչումը, պատասխանատու որոշումներ կայացնելու հմտությունը, ապահովել բուհերի ընդունելության պահանջների համակարգված ըմբռնումը, ձևավորել դիմումների ռազմավարական պլանավորման կարողություն։ Աջակցել յուրաքանչյուր սովորողին անհատական կրթական ուղին կառուցելու ազգային, ինչպես նաև միջազգային կրթական միջավայրում մրցունակ դառնալու գործընթացում։
Ծառայությունը սկսվում է՝ 9-րդ դասարանից:
- 9-րդ դասարան՝ մասնագիտական կողմնորոշում, հետաքրքրությունների և կարողությունների բացահայտում:
- 10-րդ դասարան՝ ակադեմիական ուղղության ընտրություն, մասնագիտությունների ուսումնասիրություն:
- 11-րդ դասարան՝ համալսարանների ընտրություն, դիմումների ռազմավարության փաստաթղթերի նախապատրաստման ուղղղորդում։
- 12-րդ դասարան՝ ընդունելության գործընթացի, ժամկետների, դիմումների ամբողջացման, ուղղորդում, անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում։
Շիրակացու ճեմարանում բժշկական ծառայությունը կարևոր դեր ունի կրթական միջավայրում՝ ապահովելով սաների և աշխատակիցների առողջության պահպանումն ու անվտանգությունը։ Առողջության կենտրոնը գործում է որպես վստահելի և մշտապես հասանելի օղակ, որտեղ սաները կարող են ստանալ առաջնային բժշկական օգնություն, ուշադրություն և հոգատար վերաբերմունք՝ իրենց օրվա ընթացքում առաջացած առողջական ցանկացած խնդրի դեպքում։
Առողջության կենտրոնի գործունեության հիմքում սաների առողջության պահպանությունն ու հիվանդությունների կանխարգելումն է։ Ամենօրյա աշխատանքում իրականացվում է սաների առողջական վիճակի մշտադիտարկում, հատուկ ուշադրություն է դարձվում քրոնիկական հիվանդություններ ունեցող սաների վիճակի վերահսկմանն ու ուղեկցմանը։ Միաժամանակ ապահովվում է բժշկական փաստաթղթերի պատշաճ վարումը, ինչը թույլ է տալիս ժամանակին արձագանքել և ճիշտ կազմակերպել անհրաժեշտ խնամքը։
Կարևոր ուղղություններից է նաև վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու համաճարակաբանական վերահսկումը։ Առողջության կենտրոնը հետևողականորեն իրականացնում է սանիտարահիգիենիկ պայմանների մշտադիտարկում՝ ներառյալ դպրոցական միջավայրն ու ճաշարանը, նպաստելով առողջ և անվտանգ պայմանների ձևավորմանը։ Անհետաձգելի և արտակարգ իրավիճակներում ապահովվում է արագ և համակարգված բժշկական արձագանք։
Բժշկական ծառայությունը սերտ համագործակցում է բուժհաստատությունների և ծնողների հետ՝ ապահովելով սաների առողջության պահպանման շարունակական և համապարփակ մոտեցում։
Ծառայության աշխատանքը կառուցված է մի շարք կարևոր սկզբունքների շուրջ՝ սաների առողջության և անվտանգության առաջնահերթություն, բժշկական տեղեկատվության գաղտնիության պահպանում, կանխարգելիչ միջոցառումների կիրառություն և օպերատիվ, պատասխանատու արձագանք։
Դպրոցի բժշկական ծառայությունը համալրված է մեկ բժիշկով և չորս բուժքույրերով, ովքեր իրենց մասնագիտական գիտելիքներով ու հոգատար վերաբերմունքով ապահովում են սաների առողջության պահպանումը՝ նպաստելով լիարժեք և արդյունավետ ուսումնական գործընթացին։
Կարևորելով անվտանգության, հարմարավետության հանգամանքը, տրանսպորտային ծառայությունը տարիների ընթացքում կատարելագործվել է, և այսօր ոչ միայն սաների, այլև աշխատակիցների անվտանգ և հարամարավետ տեղափոխությունն իրականացնում են նորագույն և հարմարավետ միկրոավատոբուսներ և ավտոբուսներ:
Տրանսպորտային ծառայությունն ապահովում և սպասարկում է նաև սովորողների էքսկուրսիաները, օլիմպիադաների մասնակցությունը, ուսուցիչների գործընկերային այցելությունները տարբեր ուսումնական հաստատություններ, խորհրդաժողովները:
Մանկակրթարանում և Կրտսեր դպրոցում երթուղիներում պարտադիր է ուղեկցող մեծահասակի ներկայությունը՝ երեխաների նստեցումը և իջեցումը կազմակերպելու նկատառումով:
Կարևորելով առողջ սնունդը և ապրելակերպը դպրոցական բաղադրիչում ներառելու անհրաժեշտությունը՝ ստեղծումից ի վեր Ճեմարանում գործում է նաև հացատուն: Հացատունը վերանորոգվել և վերազինվել է 2013թ.-ին և այսօր արդեն հանդես է գալիս որպես կայացած ծառայություն՝ օրվա ընթացքում սննդով ապահովելով ավելի քան 2000 ճեմարանականների:
Հատուկ սննդակարգը մշակվում է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի մասնակցությամբ, իսկ ամենօրյա վերահսկողությունն իրականացնում է Ճեմարանի բժշկական ծառայությունը:
Սննդի ծառայությունն իրականացվում է կրթահամալիրի բոլոր կառույցներում՝ հաշվի առնելով տարիքային առանձնահատկություններն ու պահանջները:
Շիրակացու ճեմարանում անվտանգությունը պարզապես պահանջ չէ դա մեր կրթական միջավայրի անբաժանելի հիմքն է։ Մենք համոզված ենք, որ արդյունավետ ուսուցման և ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ է ապահով, վերահսկվող և վստահելի միջավայր՝ ինչպես սաների, այնպես էլ ողջ աշխատակազմի և հյուրերի համար։
2024 թվականի ապրիլից Ճեմարանի անվտանգության ապահովման պատասխանատվությունը վստահվել է «ՎԻՊ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ» ՍՊԸ-ին՝ ոլորտում փորձառու և պրոֆեսիոնալ ընկերության։ Այս համագործակցության շնորհիվ ներդրվել են ժամանակակից մեխանիզմներ, որոնք ապահովում են տարածքի համալիր վերահսկում և օպերատիվ արձագանք ցանկացած իրավիճակում։
Ճեմարանի տարածքում գործում է հսկիչ-անցագրային կետ, որտեղ մուտքն իրականացվում է խիստ վերահսկվող կարգով։ Սաները, ուսուցիչները և աշխատակազմը մուտք են գործում միայն անհատական անցագրերով, ինչը բացառում է կողմնակի անձանց ազատ մուտքը Ճեմարանի տարածք։
Տարածքը լիովին ապահովված է ժամանակակից տեսահսկման համակարգերով։ Տեսահսկման համակարգով մշտադիտարկումը իրականացվում է շուրջօրյա։
Անվտանգության ծառայության բոլոր աշխատակիցները անցնում են հատուկ պատրաստվածություն և ամենամյա վերապատրաստում SIAS միջազգային պահնորդական ակադեմիայում։
Անվտանգության աշխատակիցները պատրաստված են ոչ միայն ֆիզիկական անվտանգությունը ապահովելու, այլև արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և անհրաժեշտության դեպքում արագ ու արդյունավետ միջամտելու համար։
Բացի այդ, Ճեմարանում մշակված են անվտանգության ներքին հստակ կանոնակարգեր, պարբերաբար անցկացվում են ուսուցողական վարժանքներ և իրազեկման ծրագրեր՝ ուղղված արտակարգ իրավիճակների ճիշտ կառավարմանը։
Շիրակացու ճեմարանը շարունակում է մնալ այն վայր, որտեղ կրթությունը համադրվում է անվտանգության բարձր մակարդակի հետ։ Մեր առաջնահերթություններից մեկն այն է՝ ստեղծել միջավայրը, որտեղ յուրաքանչյուր աշակերտ, ուսուցիչ և այցելու կարող է իրեն զգալ լիարժեք պաշտպանված։