Տարեգրություն
Տարեգրություն
Մեր պատմությունը 2025 թ
  • Հունվար
    • Ճեմարանում տեղի է ունենում հանդիպում ABMDR-Armenian Bone Marrow Donor Registry ներկայացուցիչների հետ՝ ստեղծելով համագործակցության նոր հնարավորություններ։ 
    • Շիրակացու ճեմարանի ավագ դպրոցում «Փոփոխությունների մարտահրավերներ» միջոցառումների շարքն է տեղի ունենում, որը սաների, ծնողների և ուսուցիչների միջև արդյունավետ կապի ու հետաքրքիր քննարկումների հարթակ է։ 
    • Ճեմարանի աշխատակիցները՝ տեխնոլոգիայի ամբիոնի ղեկավար Նարեկ Տիգրանյանը և գրադարանի հետազոտական աշխատանքների համակարգող Անի Մկրտումյանը կրթական համակարգում կիբեռանվտանգության ներառման մասին քննարկումների են մասնակցում (Cybersecurity Inclusion in the Educational System):
    • Հանդիսավոր պայմաններում մեկնարկում է «Շիրակացու օրեր»-2025 փառատոնը:
    • Ռաունդ Սքվերի շրջանակում Ճեմարանական 6 սան մասնակցում են ԱՄՆ The Palmer Trinity դպրոցի կազմակերպած առցանց հանդիպմանը: 
  • Փետրվար
    • Ճեմարանում հյուրընկալվում է 2013 թվականի շրջանավարտ Ադանա Քեշիշյանը: 
    • Ճեմարանում մեծ շուքով նշվում է Բանակի տոնը:
    • Ճեմարանականներն այցելում են Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 և թիվ 134 հիմնական դպրոցներ: Այցի նպատակն էր 8-րդ դասարանի ռոբոտաշինության և աշխարհագրության միջառարկայական նախագծի շրջանակում սաների կողմից ստեղծած խաղերի ներկայացումն ու փորձի փոխանակումը:
    • «Ճամփորդություն դեպի ստորջրյա թագավորություն» ինտերակտիվ խաղով Մանկակրթարանի ամպիկների խումբն ամփոփում է «Ինչպես ենք մենք ինքնաարտահայտվում» վերառարկայական թեման:
    • Ճեմարնում տեղի է ունենում հանդիպումների շարք տարբեր ոլորտների փորձառու մասնագետների հետ: 
    • Ճեմարանում տոնում են հայկական ավանդական տոները՝ Տեառնընդառաջն ու Սուրբ Սարգիսի՝ Սիրո տոնը։ Կազմակերպիչ և գեղարվեստական ղեկավար Խանդութ Սարգսյան:
    • «Արմատ և ծիլ» (2023) մրցույթի մասնակից, Ճեմարանի շրջանավարտ Սերին Ագապի Սիփանը այցելում է Ճեմարան։ Որպես հիշյալ կազմակերպության մրցույթի հաղթող՝ նա Ճեմարանին նվիրում է բառարաններ և կրթական պաստառներ, որոնք տրամադրել էր նախագծի աջակից, բարերար, լեզվաբան և հրապարակախոս Յակոբ Այնթապլեանը։
    • Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ճեմարանում գրադարանավար Ռուզաննա Եղիկյանի նախաձեռնությամբ նշվում է Գրքի տոնը:
    • Կրտսեր դպրոցի «Երգի թատրոն»-ի սաները կազմակերպում են «Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ...» խորագրով համերգ, որը նվիրված էր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 156-ամյակին և Գիրք նվիրելու տոնին: 
    • Ա. Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր ՓԲԸ-ի միջև ստորագրվում է փոխըմբռնման հուշագիր։ 
    • Ճեմարանում նշվում է Մայրենի լեզվի տոնը: Այս տարի այն նվիրվում է Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակին: 
    • Ռուսաց լեզվի և արվեստի ամբիոնների համագործակցության շրջանակում սաներն իրականացնում են միջառարկայական նախագիծ։ 
    • Շիրակացու ճեմարանի նախաձեռնությամբ 2-րդ անգամ ՄԱԿ-ի (MUN) մոդելով մարտի 1-3 իրականացվում է նստաշրջան՝ «Խթանելով կայունություն և զարգացում խոցելի երկրներում» խորագրով:
  • Մարտ
    • Ճեմարանում անցկացվում է շախմատի բլից մրցաշար, որը հարգանքի տուրք է 44-օրյա պատերազմում մեր անմահացած հայորդիներին։ 
    • Մաթեմատիկայի ամբիոնի (ղեկավար Լիդա Բակլաչյան) նախաձեռնությամբ նշվում է  «π» թվի օրը, որի  շրջանակում անցկացվում են միջդասարանական վիկտորինա և կինոդիտում:
    • «Մասնագիտական կողմնորոշման» գործնական դասընթացի շրջանակում միջին դպրոցի սաները հանդիպում են հետևյալ մասնագետների հետ:
    • Ճեմարանը հյուրընկալում է Ազատազէն ԿՀԿ-ին և ամրապնդում արդեն երեք տարի շարունակվող համագործակցությունը՝ պաշտոնապես կնքելով համագործակցության հուշագիր։
    • Ճեմարանի միջին դպրոցի 505 խմբի սան Արտյոմ Աբրահամյանը հաղթում է ընթերցողների «Живая классика» միջազգային մրցույթում և ներկայացնելու է Հայաստանը Ռուսաստանում, նույն խմբի սան Գրիգորի Աբրահամյանն արժանանում է «Բեմական հմայքի համար» անվանակարգին՝ ներկայացնելով Անտոն Չեխովի «Չինովնիկի մահը» նորավեպը (ռուսաց լեզվի ուսուցիչ՝ Նարինե Սուրենի Բիլբուլյան):
    • Հայ-ռուսական համալսարանում (РАУ) տեղի է ունենում ռուսաց լեզվի՝ դասավանդման ժամանակակից մեթոդիկայի ոգով մշակված նոր դասագրքի շնորհանդեսը: Հեղինակային խմբում ընդգրկված է նաև ճեմարանի ռուսաց լեզվի ուսուցչուհի, բանասիրական գիտ. թեկնածու Մարինա Քոչարյանը: 
    • Ճեմարանի ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ (նախագահ՝ Հովհաննես Հայրապետյան), հայոց լեզվի և գրականության ամբիոնի (ղեկավար բ.գ.թ. Անի Մակինյան)  և գրադարանի (գրադարանավար՝ Ռուզաննա Եղիկյան) համագործակցությամբ նշվում է «Քնարերգության օրը»: Գրադարանում վեց դասաժամ շարունակ հանդիպումներ են տեղի ունենում հայ ժամանակակից գրողներ Գրիգի, Սարգիս Հովսեփյանի, Հրաչյա Սարիբեկյանի, Հովհաննես Երանյանի, Նորայր Սարգսյանի հետ:

  • Ապրիլ
    • Թաթարստանի Ինքնավար Հանրապետության հանրակրթական դպրոցների 10 տնօրեններ այցելում են ճեմարան՝ ծանոթանալու կրթահամալիրի կառուցվածքային, բովանդակային և ուսումնական գործընթացներին:
    • Կրտսեր դպրոցի սաներին հյուր է «Բարի մամա» ՀԿ֊-ի, Բարի Տնակ/ Bari Tnakի, կազմակերպությունների ներկայացուցիչները: Երրորդ դասարանցիները հավաքել էին 244500 ՀՀ դրամ գումար, որը փոխանցեցին «Բարի մամա» ՀԿ֊-ին։ 
    • Հանդիսավոր պայմաններում բացվում է ճեմարանի առողջության կենտրոնը: Շիրակացու ճեմարանի առողջության կենտրոնը վերանորոգվել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախագահ Վահե Կարապետյանի աջակցությամբ:
    • «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում անցկացվում է «Art & Joy» բարեգործական նախաձեռնությունը Սիդնեյի ՀԲԸՄ Ալեքսանտր վարժարանի աջակցությամբ։ 
    • Ռաունդ Սքուերի կազմակերպության շրջանակում Ճեմարանական 6 սան մասնակցում  են ԱՄՆ Providence Day School դպրոցի կազմակերպած առցանց հանդիպմանը:
    • Ճեմարանի պատվիրակությունը Ղազախստանում՝ Ալմաթիում մասնակցում է Միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի (АШМБ) 2025 թվականի ամենամյա կոնֆերանսին: Էլինա Շաքարյանը և Թամարա Գզիրյանը հանդես են գալիս որպես խոսնակներ և ներկայացնում են ճեմարանի փորձը ՄԲ պահանջների լույսի ներքո:
    • Ավագ դպրոցի աշակերտական խորհրդի համանախագահ Հովհաննես Հայրապետյանի նախաձեռնությամբ Ճեմարանում հյուրընկալվում է անվանի կոմիտասագետ Արթուր Շահնազարյանին։ 
    • ԵՊՀ-ի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում տեղի է ունենում «Դասագրքաստեղծում. նոր հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով բանախոսություն, որին որպես բանախոս հրավիրվում է Ճեմարանի գիտամեթոդական կենտրոնի ղեկավար, մ.գ.թ., դոցենտ Թամար Ալեքսանյանը, որը ներկայացնում է իր և ճեմարանի հոգեբանական կենտրոնիի ղեկավար Անի Հարությունանի համահեղինակությամբ ստեղծված  «Գրականություն 8» դասագիրքը:
    • «Մասնագիտական կողմնորոշման» գործնական դասընթացի շրջանակում Միջին դպրոցում կրկին հյուրընկալվում են մասնագետներ տարբեր ոլորտներից։ 
    • Ճեմարանի ֆինանսավորմամբ օտար լեզվի ամբիոնի հինգ ուսուցիչ՝ Նաիրա Սարգսյան, Հռիփսիմե Հակոբյան, Աննա Աղասյան, Ինգա Վանյան և Սեդա Մեսրոպյան, մասնակցում են PASS  կենտրոնի կազմակերպած սեմինարին։
    • Արդեն 19-րդ անգամ մեկնարկում է հանրապետական առարկայական բաց օլիմպիադան հանրակրթական դպրոցների  4-8-րդ դասարանների աշակերտների համար՝ մայրենի, հայոց լեզու, ռուսաց լեզու, անգլերեն, մաթեմատիկա, բնագիտական և հասարկագիտական առարկաներից: 
    • Ճեմարանի Ավագ դպրոցի  հեղինակային ծրագրի 12-րդ դասարանի աշակերտ Եվա Խեմչյանը ԵՊՀ-ի անգլերենի առարկայական օլիմպիադայում հաղթում է և արժանանում 1-ին կարգի դիպլոմի:  
    • «Ֆրանսիական աքաղաղ» մրցույթում Հռիփսիմե Շամիրզայանը զբաղեցնում է առաջին տեղը, Վահան Մանիսաճեանը և Նազելի Մանուչարյանն ստանում են խրախուսական պատվոգրեր (Ֆրանսերենի ուսուցիչներ՝ Նելլի Խուդոյան և Բելա Դարբինյան)։
    • Միջին դպրոցի 10-րդ դասարանցիները հանդիսավորապես ներկայացնում են անհատական նախագծերի արդյունքները ամենամյա ստուգատեսում:
    • Ճեմարանը հյուրընկալում է ԱՄՆ Նյու Ջերսի քաղաքի Հովնանյան վարժարանի պատվիրակությանը՝ 8-րդ դասարանի 10 սովորող համակարգողի և դպրոցի բուժքրոջ հետ:
    • Ճեմարանի պատվիրականությունը մեկնում է Թուրքմենստան՝ մասնակցելու Աշխաբադի մաթեմատիկայի միջազգային օլիմպիադային և վերադառնում հաղթանակով Տատյան Ռուբենը արժանանում է բրոնզե մեդալի, իսկ մյուս տղաները՝ տարբեր մրցանակների։
    • Ճեմարանից 4 սան ԲՏՃՄ (STEM) ուսուցիչ Անի Սիրեկանյանի ուղեկցությամբ մեկնում են ԱՄՆ՝ մասնակցելու Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում կայանալիք «Limitless World Summit 2025»-ի շրջանակում կազմակերպված Diamond Challenge ռոբոտաշինության միջազգային մրցույթին:
  • Մայիս
    • Գրադարանի գիտական համակարգող Անի Մկրտումյանը մասնակցում է ՄԲ գրասենյակի կազմակերպած 4-շաբաթյա դասընթացին՝ «Ինչ է արհեստական բանականությունը, ինչպես կիրառել ուսուցման գործընթացում» թեմայով:
    • Կրտսեր դպրոցի 4-րդ դասարանցիները ամենամյա ավանդական ստուգատեսին ներկայացնում են իրենց եռամյա հետազոտության արդյունքները:
    • Ճեմարանի պատվիրակաությունը Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում մասնակցում է «Եվրասիայի երիտասարդությունը հանուն խաղաղության» թեմայով միջազգային երիտասարդական աշխատաժողովին:
    • Ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը մեկնում է Տաշքենդ՝ ԱՇՄԲ-ի «Միջազգային բակալավրիատի օրեր» միջոցառմանը մասնակցելու համար:
    • ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանների մի խումբ այցելում է ճեմարան, ծանոթանում կրթական միջավայրին, ընդհանրապես Շիրակացու ճեմարանի գործունեությանը:
    • Շիրակացու ճեմարանի կրտսեր դպրոցի ավանդական, տարեվերջյան, բարեգարծական ցուցահանդեսն է տեղի ունենում, որին մասնակցում են Կրտսեր դպրոցի 1-ից 4-րդ դասարանների բոլոր սաները՝ ներկայացնելով իրենց նկարչական աշխատանքները: Ինչպես ամեն տարի՝ ցուցահանդեսի նկարներից լավագույնները զարդարելու են 2025-2026 ուստարվա օրագրի կազմն ու էջերը: 
    • Հանդիսավոր և գործնական մթնոլորտում փակվում է «Շիրակացու օրեր-2025» փառատոնը: Բացօթյա տաղավարներում սաները և ուսուցչամանկավարժական անձնակազմը հյուրերին և ճեմարանական համայնքին ցուցադրում են հետազոտական աշխատանքների և նախագծերի արդյունքները:
    • ՄԴ և ԱԴ 38 սաներից բաղկացած թիմը QSI միջազգային դպրոցում մասնակցում է թեթև աթլետիկայի մրցաշարին և գրանցում փայլուն հաղթանակներ: 
    • Ճեմարանի 10-11-րդ դասարանների մի խումբ սաներ Հայաստանի Ամերիկյան համալսարանում մասնակցում են «Երեխաների իրավունքները զինված հակամարտություններում և տեղահանության արդյունքում. համաշխարհային ստանդարտներից դեպի իրականություն» թեմայով աշխատաժողովին և հանդես են գալիս զեկուցումներով:
    • Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում տեղի է ունենում ճեմարանի 32-րդ շրջանավարտների «Վերջին զանգ» հանդիսությունը:
  • Հունիս
    • Ինֆորմատիկայի ուսուցիչներ Էլեոնորա Թավադյանը և Անի Սիրեկանյանը ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագրի շրջանակում «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» դասընթացն են վարում հանրակրթական դպրոցների 120 ուսուցիչների համար։
    • ՄԲ ՄԴԾ սովորողների անհատական նախագծերի համակարգող, անգլերենի ուսուցիչ, հանրակրթական դպրոցի դասագրքերի և մեթոդական ձեռնարկների հեղինակ Էմմա Ռևազյանը մասնակցում է վերապատրաստման դասընթացի և ստանում Միջազգային բակալավրիատի վերապատրաստողի որակավորում։
    • 10-րդ դասարանի (1057 խումբ) սան Լիլիթ Մանասյանը անհատական նախագծի շրջանակում մասնակցում և հաղթում է Միջազգային բակալավրիատի կազմակերպած Global Youth Action Fund մրցույթում և ստանում 2500 դոլար՝ ծրագիրն ընդլայնելու նպատակով:
    • ԱՄՆ Մայամի քաղաքում կարատեի միջազգային բաց առաջնությունն է տեղի ունենում, որին մասնակցում են նաև Ճեմարանի արտաուսումնական ակումբի սաներ՝ Հենրի Ղարախանյանը, Արամ Չոփուրյանը և Գագիկ Չոփուրյանը: Մրցույթի ընթացքում ճեմարանական մարզիկներն աչքի են ընկնում վճռականությամբ և գերազանց պատրաստվածությամբ:
    • ԿԳՍՄ նախարարության «Կրթության որակի ապահովում» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում ճեմարանի բնագիտության ամբիոնի մասնագետները հանրակրթական դպրոցների ուսուցիչներին վերապատրաստում են ուսումնական գործընթացում ԲՏՃՄ առարկաների գծով  լաբորատոր սարքավորումները կիրառելու ուղղությամբ:
  • Օգոստոս
    • Ճեմարանի 3 սան և 2 շրջանավարտ՝ Արամ Քոսակյան-793 խումբ, Արինա Սուվարյան-975 խումբ, Մարինա Բաղդյան-Տ51 խումբ, Իրինա Բաղդյան-Լիլոյան-1998 թ. շրջանավարտ, Անի Գևորգյան-1999 թ. շրջանավարտ 4 Peaks Alpine Club-ի շնորհիվ բարձրանում են Արարատի գագաթ և ՀՀ դրոշի հետ միասին ծածանում են Մայր Ճեմարանի դրոշը: 
    • Գյումրի քաղաքի թիվ 18 դպրոցում Ճեմարանի բնագիտության ամբիոնի ղեկավար, կ.գ.թ. Նարինե Քսաջիկյանը Արթիկի տարածաշրջանի կենսաբանության ուսուցիչներին վերապատրաստում է լաբորատոր սարքավորումներ կիրառելուն միտված դասընթացում: 
    • Ճեմարանականների հիմնած AeroLink Technologies ստարտափը «Seaside Startup Summit»-ում գրավում է առաջին տեղը «Starter Track» անվանակարգում՝ շահելով 14,000 ԱՄՆ դոլար: Խմբի մենթորն է Ճեմարանի ԲՏՃԱՄ համակարգող՝ Անի Սիրեկանյանը։
  • Սեպտեմբեր
    • Շիրակացու ճեմարանի համահիմնադիր, երկար տարիներ փոխտնօրեն, քիմիայի ուսուցչուհի, վերջին տարիներին՝ կրթահամալիրի տնօրենի գլխավոր խորհրդական՝ Արփինե Փափազյանի 75-ամյակի առթիվ Ճեմարանում կազմակերպվում է հուշ-ցերեկույթ, որի ընթացքում գրադարանը վերանվանվում է նրա անունով՝ ի նշան երախտագիտության և հարգանքի:
    • Ավագ դպրոցի սաները բարձրանում են Արագած լեռան  գագաթներից մեկը:
    • Ճեմարանի պատվիրակությունը մասնակցում է Դուբայում անցկացվող Ռաունդ Սքվեր միջազգային համաժողովին:
    • Արզնիի օդանավակայանում տեղի է ունենում «Ազատ թռչող» մոդելների դպրոցական ավիամոդելիստների հանրապետական մրցույթին մասնակցում են ճեմարանի սաները: Մադոյան Հայկը զբաղեցնում  է առաջին հորիզոնականը, իսկ Գյուրջյան Անահիտը երկու տարբեր տարիքային խմբերում գրավում է առաջին տեղերը (ղեկավար՝ Էդուարդ Կարամյան)։
  • Հոկտեմբեր
    • Ճեմարանի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Բադալյանը «Koreez2025»-ի մաթեմատիկական մրցույթում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը և պլանշետ է նվեր ստանում:
    • Ազատության հրապարակում ճեմարանականները մասնակցում են ԿԳՄՍ նախարարության ձեռնարկած Գիտության շաբաթին և ներկայացնում են իրենց ձեռքբերումները «Ընդլայնելով երևակայությունը» թեմատիկ բաժնում։
    • Մերիդիան էքսպո կենտրոնում Շիրակացու ճեմարանի թիմը մասնակցում է Հայաստանի տեխնոլոգիական ամենամեծ միջոցառմանը՝ Դիջիթեք 2025-ին:
    • Նյու Յորքի համալսարանի Աբու Դաբիի մասնաճյուղի ընդունող հանձնաժողովի ներկայացուցիչ Սառա Ալսուվաիդին իր այցելության շրջանակում սաներին ներկայացնում է համալսարանի առանձնահատկությունները, ընդունելության պահանջները, հայտադիմումներն ուղարկելու ձևերը:
    • Կանադայի «Բրիթիշ Կոլումբիա» համալսարանի տարածքային ներկայացուցիչ Ակբար Շաքենովը հանդիպում է ունենում Ճեմարանի սաների հետ՝ մանրակրկիտ ներկայացնելով բուհը և պատասխանելով սաներին հուզող բոլոր հարցերին:

    • Դուբայի Ամերկյան համալսարանի ներկայացուցիչ Ռաքել Յակուբը  շրջայց է կատարում դպրոցում և սաներին փոխանցում հետաքրքող տեղեկությունները:

    • Նորթվեստերն համալսարանի ներկայացուցիչ Քերոլ Քեչիջյանը հանդիպում է սաներին, և քնարկվում են  բուհում ուսումնառության, նաև համագործակցության հանարավորությունները:

    • Աննա Ղուկասյանը և Գրեգորի Դիկաիոսը՝ Յորքի համալսրանի Սալոնիկի մասնաճյուղի պաշտոնական ներկայացուցիչները, այցելում են  Ճեմարան: Քննարկվում են հետագա համագործակցության հանարավորությունները: Սաների հետ կազմակերպվում է  քննարկում- հանդիպում, և  ներկայացուցիչները պատասխանում են հուզող բոլոր հարցերին:

    • Կոտայքի մարզի Գետամեջի միջնակարգ դպրոցի աշակերտները այցելում են Շիրակացու ճեմարան՝ «Անանիա Շիրակացին բնական գիտությունների ամենանշանավոր ներկայացուցիչ» նախագծային աշխատանքի շրջանակում։ Ճեմարանի Ավագ դպրոցի 12-րդ դասարանի սաները հյուրերի համար կազմակերպում են շրջայց՝ ներկայացնելով ճեմարանական առօրյան, ուսումնառության առանձնահատկությունները և իրենց նախագծային աշխատանքները:  Հյուրերը հանդիպում են  Ճեմարանի բնագիտության ամբիոնի ղեկավար, կ. գ. թ. Նարինե Քսաջիկյանի  և գրադարանի ղեկավար Ռուզաննա Եղիկյանի հետ։ 

    • Ճեմարան են այցելում Գեղարքունիքի մարզի Ծովազարդի միջնակարգ դպրոցի աշակերտները։ Ավագ դպրոցի սաները կազմակերպում են շրջայց, ներկայացնում են ճեմարանական առօրյան, կրթական միջավայրը և ուսումնառության անձնահատկությունները։ Այցի ընթացքում հյուրերը հանդիպում են Տեխնոլոգիայի ամբիոնի ղեկավար Նարեկ Տիգրանյանի և ԲՏՃԱՄ (STEAM) համակարգող Անի Սիրեկանյանի հետ։ 

  • Նոյեմբեր
    • «Զարգացած Հայաստան» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը այցելում է ճեմարան և «Շրջանաձև մտածողություն» տնտեսական մոդելը ներկայացնում սովորողներին: Շրջանաձև տնտեսությունը սկսվում է կրթությունից, իսկ կրթությունը՝ հետաքրքրությունից։
    • Ճեմարանի ծնողական համայնքը  սատարում է մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ կազմակերպվող հանդիպումները: Սովորողների հյուրերն են՝ Սյուզաննա Մանուչարյանը՝ «Ինչպես են մտահաղացումները դառնում գործնական պրոդուկտներ ծրագրավորման ընկերություններում», Մհեր Իսրայելյանը՝ «Ռազմական դիվանագիտություն, միջազգային անվտանգության համակարգեր», Լուիզա Ավետիսյանը՝ «Ինչպես ընտրել մասնագիտություն։ Մարքեթինգ և բիզնեսի առաջխաղացում»:
    • Ճեմարանում նշվում է ֆրանսահայ մեծանուն կինոռեժիսոր Անրի Վեռնոյի ծննդյան 105-ամյակը: «Վեռնոյ. վերածնված հիշողությամբ ու ինքնությամբ» միջոցառումը բացվում է Երևանի երաժշտական մասնագիտացված դպրոցի անձնակազմի և սաների՝ հայկական ժողովրդական գործիքների համույթի ելույթով, ապա հաջորդում են ռեժիսորի կենսագրությանը և կինոժառանգությանը նվիրված քննարկումը և բեմադրությունը: Ավագ դպրոցի սովորողների մասնակցությամբ թատերական ներկայացման հիմքում «Մայրիկ» վեպն է և համանուն կինոնկարը: 
    • «Ճարպակալման կանխարգելման հայկական ասոցիացիա»-ի անդամները ճեմարանականներին պատմում են սեփական մարմնի ընկալման, ճիշտ մարզվելու և առողջ  սնվելու  կարևորության մասին: Այս արդիական թեմաների շուրջ բանախոսում 
      են կլինիկական հոգեբան Լիլիթ Վարդանյանը, գաստրոէնտերոլոգ, մարզիչ  Լյուսի Հովակիմյանը, սննդաբան,  ԵՊԲՀ դասախոս, բ.գ.թ. Արմեն Մկրտչյանը, էնդոկրինոլոգ, «Ճարպակալման կանխարգելման հայկական ասոցիացիա»-ի հիմնադիր նախագահ՝ Հայկանուշ Համբարձումյանը։
    • Ճեմարանի Միջին դպրոցի  սովորողների խորհրդի նախաձեռնությամբ Ճեմարան են Այցելում նշանավոր ըմբիշներ Մալխաս Ամոյանը (աշխարհի կրկնակի չեմպիոն), Արսեն Հարությունյանը (Եվրոպայի և աշխարհի չեմպիոն), Սլավիկ Գրիգորյանը (աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր)։
    • Սորբոնի համալսարանի  Աբու Դաբիի մասնաճյուղի պաշտոնական ներկայացուցիչները այցելում են Ճեմարան, հանդիպում  հիմնադիր տնօրեն պարոն Աշոտ Ալիխանյանի հետ, ապա սաների հետ քննարկում բուհի պատմությանը, առաջարկվող ծրագրերը:
    • ՀՀ ֆինանսների նախարարությունը Հայաստանի կրթական հաստատությունների հետ համագործակցության շրջանակում հյուրընկալում է Շիրակացու ճեմարանի սաներին, որոնք այցի ընթացքում հանդիպում են նաև ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ և նրան ուղղում իրենց հետաքրքրող հարցերը: Աշակերտները հոլովակի միջոցով ծանոթանում են ստորաբաժանումների աշխատանքային գործընթացներին, մասնակցում «Ֆինանսական քվեստին», ապա հանդիպում գլխավոր քարտուղար Հայկ  Հարությունյանի հետ: Հանդիպման նպատակն էր ճեմարանի սաներին մատչելի ձևով ներկայացնելու նախարարության պատմությունը, կառուցվածքը և հիմնական գործառույթները:
    • Գեղեցիկը որոնելու, ճանաչելու և նոր լույսի ներքո բացահայտելու նպատակով ԴԾ 1 խմբի սաները (ուսուցիչ՝ Մանան Աղաբեկյան) «Անգլերեն գրականություն» դասի շրջանակում   այցելում են Սերգեյ Փարաջանովի թանգարան։ Նրանք ուսումնասիրում են արվեստագետի ագործություններում կիրառված խորհրդանիշները և դրանք համեմատում գրական  գործերում հանդիպող խորհրդանշական տարրերին:
    • Ճեմարանական  27 սան մասնակցում է  QSI դպրոցի կազմակերպած կրոսավազքին (1,5 և 3 կմ)։ Ճարանականները թիմային մրցապայքարում գրավում են II հորիզոնականը, իսկ 14-18 տարիքային խմբում՝ I պատվավոր տեղը՝ նվաճելով գավաթ։ Ճեմարանի սաները նվաճում են 2  ոսկե, 3 արծաթե, 1  բրոնզե մեդալ։
    • Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծ շուքով նշվում է Շիրակացու ճեմարանի հիմնադրման 40-ամյակը: Ճեմարանի բոլոր ամբիոնները, կառույցները  ներկայանում են տաղավարներով, որտեղ  ցուցադրվում են այս տարիների ընթացքում կատարած աշխատանքներ, հետազոտության արդյունքներ, դիդակտիկական և էլեկտրոնային  խաղեր և այլ նյութեր: Հանդիսության բեմագրի և ներկայացման հեղինակներն են Աշոտ Ալիխանյանը, Յուլյանա Մկրտչյանը, Իլոնա Հովասափյանը, պարերը՝ Աիդա Հովհաննիսյանի: Տեղի է ունենում նաև Ճեմարանի պատմությանը նվիրված գրքի՝ «Որտեղ ավարտվում է ասֆալտը», առաջին հատորի շնորհանդեսը: Հեղինակ՝ Գարիկ Ղազարյան,   խմբագիր՝ Թամար Ալեքսանյան, ձևավորող՝ Վանուհի Բադոյան, էջադրող՝ Աստղիկ Վարդանյան: Հոբելյանի առթիվ լույս է տեսնում թերթ, խմբագիր՝ Թամար Ալեքսանայն, ինչպես նաև տպագրվում է ճեմարանի Տարեգրության հակիրճ տարբերակը, որը 1990 թվականից սկսած՝ արձանագրել են Արփինե Փափազյանը և Թամար Ալեքսանյանը:  Տարեգրությունը ձևավորել են Հրաչիկ Ասլանյանը և Վանուհի Բադոյանը, էջադրումը՝ Աստղիկ Վարդանյանի: 
    • Մեր արտասահմանյան գործընկերները՝ Էլյոր Խամիդուլլաև՝ Միջազգային կրթական համագործակցության կազմակերպության հիմնադիր և նախագահ, Նատալիա Վլասովան՝  «Պրեզիդենտ» դպրոցի զարգացման գծով տնօրենի տեղակալ, Հայաստան էին ժամանել՝ մասնակցելու Ճեմարանի  պատմության 40-ամյակին նվիրված հանդիսությանը։ 
    • Ճեմարանի  և Դարհեմի համալսարանի շրջանավարտ Նարեկ Մարությանը այցելում է Ճեմարան և սաների հետ անցկացնում գործնական դաս, ապա կրտսեր ընկերներին հաղորդում բուհական ընդունելության  ընթացքում ծագած խնդիրները, ձերքբերումները, փորձը:
    • Ավագ դպրոցի սաները հանդիսության դահլիճում հանդիպում են կինոռեժիսոր Դավիթ Բաբախանյանի հետ:
       
  • Դեկտեմբեր
    • Շիրակացու ճեմարանում աշակերտների  նախաձեռնությամբ տեղի է ունենում Շիրակացու մոդել Միավորված ազգերի կազմակերպության (ShiMUN) ամենամյա 3-րդ համաժողովը, որը միավորում է ավելի քան 150 պատվիրակներ Հայաստանի պետական և միջազգային դպրոցներից: ShiMUN 3-ը պատիվ ուներ հյուրընկալելու Քուվեյթի դեսպան Մուհամմադ Թարեք Ալի Ալ-Օրայֆանին և Նատիա Նացվլիշվիլիին՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչին: Համաժողովի գլխավոր թեման էր «Կայունության հաստատում նոր աշխարհակարգի համատեքստում»՝ կենտրոնանալով Մերձավոր Արևելքի տարածաշրջանի վրա։ Համաժողովն ավարտվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր խորրհրդանշական այցով:
    • Ճեմարանականների թիմը՝ Մարկ Մակյանը, Նարեկ Ծաղիկյանը, Խաչատուր Բդոյանը և Արփի Հաջյանը, հաղթող է ճանաչվում «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի «Կանաչ տնտեսություն և տեխնոլոգիաներ» անվանակարգում:
    • Մայր Ճեմարանի նախասրահում բացվում է 977 խմբի սան Էլինա Ապրեսյանի անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացվում է ավելի քան 40 աշխատանք։ Էլինան մասնակցել է հանրապետական 4 ցուցահանդեսների, որոնցից 3-ում Արժանացել է առաջին մրցանակի, իսկ   չորրորդում  ստացել է հատուկ մրցանակ։ Էլինայի ուսուցիչն է Սուսաննա Մելքոնյանը:
    • ՏՄԱԿ կազմակերպության ներկայացուցիչը՝ Լիանա Ղևոյանը, երկօրյա սեմինար պարապմունք է վարում ճեմարանի մանկավարժների համար՝ «Հոգեսոցիալական տոկունության բարձրացում» թեմայով:
    • Ճեմարանի Միջին դպրոցի սաները հյուրընկալում եմ «Տոնացույց» մշակութային կենտրոնի ղեկավար, ազգագրագետ  Հասմիկ Բաղրամյանին:
    • Ճեմարանի ԲՏՃԱՄ/STEAM/ մասնագետ, «Ձեռնարկատիրություն» առարկայի ուսուցիչ Լիանա Խաչատրյանը մասնակցում է ԵՊՀ բիզնես ինկուբատորի կողմից կազմակերպված «Mini MBA» ծրագրին, որն ակադեմիական գիտելիքը կապում է  իրական բիզնես միջավայրին։ Մեր ուսուցչուհին ճանաչվում է հաղթող՝ ներկայացնելով «W2D» ստարտափը, որը ջրի որակի գիտահեն և տվյալահեն մշտադիտարկման լուծում է ծրագրաապարատային մշակմամբ։
    • Հանդիսության դահլիճում 5-րդ դասարանցիները ներկայացնում են կիսամյակի ընթացքում սովորած ազգային երգուպարը: Ուսուցիչներ՝ Արմինե Գասպարյան և Տաթևիկ Մարտիրոսյան, Հասմիկ Մերանգուլյան:
    • Մինսկում անցկացվում է «Բյուրեղյա թանաքաման» մանկավարժական վարպետության XII միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը՝ նվիրված Սերգեյ Եսենինի ծննդյան 130- ամյակին։ Մրցույթի կազմակերպիչը Մինսկի №70 միջնակարգ դպրոցն է «Ռուսական աշխարհ» հիմնադրամի աջակցությամբ: Մրցույթի մասնակցում են ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Վիետնամից, Զիմբաբվեից, Չինաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից, Ուզբեկստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից։ Ընտրության արդյունքում եզրափակիչ փուլ դուրս են գալիս 12 մասնակից։ Առաջին տեղը զբաղեցնում է ճեմարանի ռուսաց լեզվի ուսուցիչ, մանկավարժական գիտ. թեկնածու Մարինա Քոչարյանը:
    • Միջին դպրոցի սաները հանդիսության սրահում ներկայացնում են ազգային երգերը և պարերը. նրանք նախօրոք ուսումնասիրել էին դրանք,  պատրաստել էին թեմատիկ թռուցիկներ իրենց ուսուցիչների՝ Արմինե Գասպարյանի, Տաթևիկ Մարտիրոսյանի և Հասմիկ Մերանգուլյանի   աջակցությամբ:
    • Կրտսեր դպրոցի՝ ավանդական ծնողական թատրոնը արդեն 14-րդ անգամ հանդես է գալիս ներկայացումով՝ «Ձմեռային հեքիաթ»:  Ներկայացումը նվիրված էր Ճեմարանի 40-ամյակին և այդ պատճառով բեմում հանդես են գալիս 40 ծնող։ Բեմագրի հեղինակը, բեմադրող ռեժիսորը, երաժշտական ձևավորման պատասխանատուն, ավանդույթ դարձած վերջին երգի խոսքերի հեղինակը Ռուզաննա Մկրտչյանն է։ Ներկայացման նախապատրաստական աշխատանքներին աջակցում են Իլոնա Հովասափյանը, Արփի Ստեփանյանը, Ելենա Ղազարյանը, Գայանե  Գրիգորյանը: 
    • Հանդիսության դահլիճում տեղի է ունենում 2025 տարվա ամփոփում: Ճեմարանի 40-ամյա հոբելյանի առթիվ տնօրենությունը աշխատակազմի 290 ներկայացուցիչների պարգևատրում է «Անբասիր ծառայության համար» մեդալով, վաստակագրերով, պատվոգրերով և շնորհակալագրերով:
    • Ճեմարանի մասնագետներ Լիա Սարգսյանը (լոգոպեդական և հատուկ մանկավարժության ծառայության համակարգող) և Լիդա Բակլաչյանը (մաթեմատիկայի ամբիոնի ղեկավար) ստեղծում են «Գրաֆիկական համառոտագրում» գործիքը, որն աշակերտներին օգնում է լուծելու  տեքստային խնդիրները:
    • Միջին դպրոցի սանուհի Գաբրիելլա Շահինյանը Քաթարում կայացած 2025թ. «Օլիմպիական աստղեր» գեղարվեստական մարմնամարզության մրցույթում զբաղեցնում է պատվավոր 1-ին հորիզոնականը՝ գերազանց ելույթի, արտիստիզմի և մարզական վարպետության համար։